Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եթե Յանուկովիչը հրաժարական չտա, ընդդիմությունը չի ընկրկի գնդակների առաջ

Եթե Յանուկովիչը հրաժարական չտա, ընդդիմությունը չի ընկրկի գնդակների առաջ
23.01.2014 | 11:45

Երեկ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո Մայդանում ընդդիմադիր «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե Յանուկովիչին 24 ժամ են տալիս՝ ընդդիմության պահանջները կատարելու համար: Հակառակ պարագայում, Յացենյուկի խոսքով. «Վաղը մենք առաջ ենք գնում: Գնդակը ճակատին նշանակում է` գնդակը ճակատին»: «Ուդարի» ղեկավար Վիտալի Կլիչկոն նույնպես իր ելույթում ասել է. «Ես կանեմ ամեն ինչ: Հարկ լինի գնալ գնդակի տակ՝ ես կգնամ»: Ըստ ընդդիմության ներկայացրած պահանջների՝ Յանուկովիչը պետք է լուծարի կառավարությունը և ինքն էլ հրաժարական տա` հայտարարելով արտահերթ ընտրություններ: Նշենք, որ ընդդիմությունը նման հայտարարություններ է արել այն բանից հետո, երբ Մայդանի ցուցարարների շարքերում հնչել են քննադատություններ` ուղղված ընդդիմության անվճռական պահվածքին:

Երեկ ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու պարտրիարք Ֆիլարետը հրաժարվել է Յանուկովիչի հրամանագրով իրեն շնորհված շքանշանից: «Այսօր ՈՒկրաինայում ստեղծված պայմաններում, երբ մարդիկ են զոհվել, իսկ Կիևի կենտրոնում շարունակվում է դաժան դիմադրությունը, ես խնդրում եմ ինձ չպարգևատրել»,- հայտարարել է պատրիարքը: ՈՒկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման վայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոն էլ նամակ է հղել մայդանցիներին. «Մահացել է Սերգեյ Նիգոյանը, մահացել են երիտասարդներ…Այդ արյունը Յանուկովիչի ձեռքերին է, այս պահից նա դադարել է ՈՒկրաինայի նախագահը լինելուց: Եթե մենք` ուկրաինացիներս, ներենք դա նրան, ապա մենք արժանի կինենք նրան, ինչ նա կանի մեզ հետ հետագայում», -ասված է Տիմոշենկոյի նամակում, որը Մայդանում ընթերցել է նրա դուստրը:

Նշենք, որ ՈՒկրաինայի իրավիճակի հետ կապված կոշտացել են Արևմուտքի արձագանքները: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուկրաինացի մի քանի չինովնիկների ամերիկյան վիզաները չեղյալ են համարվել, նախատեսվում է այս գործընթացը շարունակել նաև մյուսների նկատմամբ: Իսկ ԵՄ-ը հայտարարել է, որ կստուգի ուկրաինացի օլիգարխների բանկային հաշիվները, ինչը կդառնա հետագայում պատժամիջոցների կիրառման նախասկիզբ:

Այսօր ընդդիմությունը նախատեսում է կրկին հանդիպել Յանուկովիչի հետ, սակայն նախագահից հրաժարականի հավաստիացում ստանալու հույսեր չունի: Երեկվա հանդիպումից հետո տարբեր լրատվամիջոցներին տված հացրազրույցում ընդդիմության ներկայացուցիչներն ասել էին, թե «իշխանությունը խուլ է» և Յանուկովիչի հետ հանդիպումը «ոչինչ չի տվել»: Երեկ ընդիմությունը հայտարարել է այլընտրանքային` Ժողովրդական ռադայի ստեղծման մասին: Այսօր ՈՒկրաինայում թեժ զարգացումներ են սպասվում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ